«Եթե ձեզ թվում է, թե սպեկուլյացիաների կամ գնաճի վերացումը օդից եղավ կամ ընդդիմադիր գործընկերներն արեցին, չարաչար սխալվում եք, դա չէր լինի, եթե նախագահի հետևողական գործունեությունը չլիներ»` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե ինչու խուճապի ժամանակ նախագահը հանդես չեկավ հայտարարությամբ: Շարմազանովը նշեց. «Եթե ձեզ թվում է՝ ցանկացած հարցով նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ պետք է ունենա, սխալվում եք»:
Դիտարկմանը, թե պետք է խուճապ լինի, նո՞ր անդրադառնան խնդրին, նա պատասխանել է. «Կարծում եմ, որ և հանրապետության վարչապետը, և Կենտրոնական բանկը, և համապատասխան կառույցները բավարար բացատրություն տվել են: Խնդիրը բաժանվում է երկու մասի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ»: Նա մատնանշել է օբյեկտիվ պատճառները՝ միջազգային շուկայում վայրիվերումները, դոլար- ռուբլի փոխարժեքների տատանումները, որոնք ազդեցություն են ունենում նաև դրամի վրա, տրանսֆերտների կրճատումը, իսկ սուբյեկտիվ պատճառները, ըստ նրա, սպեկուլյատիվ երևույթներն են:
Շարմազանովը նշել է, որ անկախ նրանից, թե ով է սպեկուլյացիաների հեղինակը, խստորեն դատապարտելի է: «Կան համապատասխան իրավաբանական մարմիններ, կզբաղվեն դրանով, որովհետև չի կարելի խուճապի ժամանակ, երբ ժողովուրդը վատ վիճակում է, շահույթն ավելացնել»,-ասել է նա:
ԱԺ փոխխոսնակը նշել է, որ խնդիրը մտահոգիչ էր, և այդ պատճառով նախաձեռնվել են փակ քննարկումներ, ինչը հատկապես փակ ֆորմատի պարագայում արդյունավետ էր, և քննարկմանը ոչ մի զգացմունքային հայտարարություն չի եղել:
Իսկ թե ի՞նչ օրենսդրությամբ կպատժվեն առիթից օգտվողները՝ նա նշել է, թե ինքն այն պաշտոնյան չէ, որ կարող է հարցին պատասխանել:
Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ ԳՄ նիստին անդրադարձ է եղել նախագահի այցին Բրյուսել, որտեղ նա մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին, հանդիպել ԵԺԿ նախագահի հետ, անդրադարձ է եղել արտաքին զարգացումներին՝ Բելառուսի և Ղազախստանի կողմից ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության պայմանագրի վավերացմանը, քննարկել են քաղաքական խնդիրներ՝ արտահերթ նիստերի արդյունքների, ՏԻՄ ընտրությունների մասով, որտեղ 25 համայնքներից 21-ում ՀՀԿ-ն է հաղթել: